ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է

Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է
12.09.2025 | 13:06

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1,5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից:

Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

Կառավարության «հիմնավորումը» ակտիվ համալրումների առումով հենց միայն այնքանով չի համապատասխանում իրականությանը, որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել, յուրաքանչյուր տարի, հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել:

Խորհուրդ չեմ տա պատասխանատուներին պնդելու, թե պահեստազորայինների հավաքը բացառապես ուսումնական, վերապատրաստման նպատակ ունի, որովհետև այդ հավաքների գլխավոր նպատակը` համալրվածության բարդությունների պայմաններում, մարտական հերթապահության խնդիրների ապահովումն է:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինվորական ծառայության ընդգրկումը որքան էլ ակտիվ լինի, ընդհանուր համալրվածության խնդիրների հաղթահարումից պետությունը դեռ շատ հեռու է:

Այս պայմաններում իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել`

1. Նախընտրական «տրյուկ» անել` փորձելով բանակի կրճատումը ընտրաքվեի վերածել:

2. Կրճատել բանակը` հետագա զիջումները «հիմնավորելով» պետության անկարողությամբ:

3. Պարզապես ադրբեջանական պահանջ կատարել` վստահեցնելու, որ ՀՀ-ն դիմադրելու, պայքարելու որևէ նպատակ չունի:

Հասկանում եմ, որ այսպիսի դիրքորոշումս շատերի համար ոչ պոպուլյար է, մի մասը բարձրաձայն, մյուս մասը` լռելայն, չի համաձայնվելու, սակայն ինձ համար կարևոր մեր երկրի ազգային և պետական շահերն են, մեր ժողովրդի անվտանգությունը և շարունակելու եմ պնդել, որ այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որն ավելի է մեծացնելու մեր անվտանգային խնդիրները:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4581

Մեկնաբանություններ